Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խմբային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան