Կապանի բնակիչը փորձել է հրդեհել համայնքի ղեկավարի ավտոմեքենան. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

2024թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել` նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակավայրի բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Այդ նպատակով նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։ Նույն օրը նշված հոդվածներով նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։

Նախաքննությունն շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Related posts

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Պապիկյան

Հուսով եմ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. վարչապետ

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է