Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից Խերսոնում տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։

«Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է նա։

Մարատ Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ հայկական համայնքից տուժել է 2 մարդ։

Խերսոնի տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Մկրտչյանն էլ AnalitikaUA-ին հայտնել էր, որ համայնքն ակտիվորեն համագործակցում է Խերսոնի մարզի և Խերսոն քաղաքի ռազմաքաղաքացիական ադմինիստրացիաների հետ՝ տուժածներին էվակուացնելու և տեղավորելու հարցում։ Հայկական մի շարք համայնքներ արդեն իսկ հանդես են եկել տուժածներին իրենց շրջաններում տեղավորելու նախաձեռնությամբ։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է