Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում ՄԻՊ հաստատության ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է մարզային ստորաբաժանումների աշխատանքի շարունակական զարգացման, քաղաքացիների համար հաստատության հասանելիության ապահովման և մարզերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու կարևորությունը։
Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու նախագծերը, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները։
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը և մարզային ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։