Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչությունը զրկվել է գազամատակարարումից, միջազգային հանրության հստակ արձագանքը հրատապ է․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։

Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Related posts

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր