Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը

Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Թեհրանում` քննարկելու Հորմուզի նեղուցով նավագնացության փուլային կարգավորման հարցը: Ռազմավարական առումով այս կարևոր ջրային ուղին գործնականում փակ է փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմն սկսվելուց ի վեր:

Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին քննարկել են փուլային սխեման, որը կարող է գործնական և իրագործելի հիմք դառնալ խնդրի կարգավորման համար, ասված է համատեղ հայտարարության մեջ: Ծրագիրը նախատեսում է նեղուցով նավագնացության համատեղ ժամանակավոր միջանցքի ստեղծում և ջրային տարածքի ականազերծում։ Հետագա բանակցությունները կորոշեն նեղուցի նավագնացության մշտական միջանցքը և ապագա կառավարման ռեժիմը:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Օմանի ծոցից Պարսից ծոց մտնող ծովային ժամանակավոր երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ ելքը կլինի՝ ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի ջրերով։ Ղարիբաբադիի խոսքով՝ Իրանը և Օմանը մտադիր են շարունակել բանակցությունները առաջիկա 30-60 օրվա ընթացքում։

Իրանի և Օմանի բանակցություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝  հարված հասցնել Սուլթանությանը, եթե վերջինս «խոչընդոտի» Վաշինգտոնի և Թեհրանի միջև Հորմուզի շուրջ բանակցությունները:

Related posts

Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին