Իրանը խոստացել է պատասխանել Սպահանի ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Թեհրանն անպատասխան չի թողնի Սպահանի ռազմական գործարանի վրա հարձակումը. այդ մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։

Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակի ակնարկը հարձակմանը Կիևի մասնակցության մասին։ Ուկրաինացի պաշտոնյան իր Twitter-ում գրել է, որ Ուկրաինան «նախազգուշացրել է Իրանին «պայթուցիկ գիշերվա» մասին։

Դեկտեմբերի 24-ին Պոդոլյակը կոչ էր արել հարվածել Իրանի անօդաչու թռչող սարքերի գործարաններին։ Ուկրաինական կողմը կարծում է, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է Shahed-136 և Mohajer-6 անօդաչու թռչող սարքեր։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին նշել է, որ պաշտոնական Կիևի կոչերը՝ հարձակումներ իրականացնել Իրանի ռազմական գործարանների վրա, քաղաքական և իրավական հետևանքներ կունենան ուկրաինական կողմի համար։

Միաժամանակ Թեհրանը պաշտոնապես Իսրայելին է մեղադրել հարձակումների և ռազմական գործողություն ծավալելու համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում հրաժարվել է պատասխանել հունվարի 28-ին Իրանի վրա հարձակմանը հրեական պետության մասնակցության մասին հարցին։

«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին… Երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է տեղի ունենում, մեզ մեղադրում են կամ պատասխանատվության ենթարկում, երբեմն՝ դա այդպես է, երբեմն՝ ոչ»,- ասել է Նեթանյահուն, նաև ընդգծել, որ Իսրայելը «գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զենքերի մշակումների դեմ»։

Related posts

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. վարչապետը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացից