Ինչպես դիմել ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի նորաստեղծ միջգերատեսչական հանձնաժողով

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Այդ մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝

  • դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,

և/կամ

  • դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։

Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել  e-request.am կայքի միջոցով կամ ք․ Երևան, Կառավարական տուն 3 հասցեով։ Անհրաժեշտ է նշել՝

  • հանձնաժողովի անվանումը,
  • ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի (դիմումատուների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, փաստացի բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը,
  • բողոքարկման առարկան։

Դիմում-բողոքին անհրաժեշտ է կցել՝

2020 թ․ սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից կամ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում ԼՂ պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք ԼՂ-ում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող և (կամ) այլ առնվազն 2 փաստաթուղթ, որոնց թվագրումները պետք է ունենան առնվազն 6 ամսվա տարբերություն,

և/կամ

2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք ունենալու և դիմելու օրվա դրությամբ այն օտարած լինելու հանգամանքները պարզաբանող փաստաթղթերը։

Վերոնշյալ պահանջներին չբավարարող դիմում-բողոքները հանձնաժողովի կողմից չեն ուսումնասիրվի։

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից