Ի՞նչ կլինի ապրանքը չդրոշմավորելու դեպքում. ՊԵԿ-ի պարզաբանումը

Դրոշմավորումը հսկիչ (նույնականացման) նշանի՝ DataMatrix հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ այն վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։

Դրոշմավորումը կարևոր է ապրանքաշրջանառության բոլոր մասնակիցների համար:
Պետությունն իրականացնում է վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ, պայքարում է զեղծարարության դեմ և ձեռք բերում լրացուցիչ գործիք՝ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության բարելավման գործում։
Սպառողը պաշտպանվում է անորակ և կեղծ արտադրանքից՝ հնարավորություն ունենալով e-Mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ապրանքը համապատասխանում է պետության սահմանած որակի չափանիշներին։
Տնտեսվարողը պաշտպանվում է անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից և կեղծված ապրանքների շրջանառությունից։
Ներմուծող կամ արտադրող ընկերությունը գրանցվում է ազգային օպերատորի համակարգում, ձեռք բերում DataMatrix ծածկագիր և մինչև օտարելը փակցնում այն ապրանքի վրա։ Ծածկագիրը թույլ է տալիս ապրանքաշրջանառության ցանկացած փուլում իրազեկ լինել ապրանքի տեղաշարժից։ Վերջնական սպառման ժամանակ ծածկագիրը սկանավորվում է վաճառակետում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է գրանցվի ազգային օպերատորի e-Mark համակարգում հետևյալ քայլերով.
  • էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնել գրանցման դիմում,
  • կնքել պայմանագիր,
  • ստանալ համակարգից օգտվելու համար մուտքանուն և գաղտնաբառ,
  • գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար,
  • ձեռք բերել ծածկագրեր։
Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը
Պարտադիր դրոշմավորման ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Յուրաքանչյուր ապրանքախումբ սկզբում անցնում է փորձնական ծրագրի փուլ, այնուհետև դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենքի պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։
2023 թվականից Հայաստանում հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները և փաթեթավորված խմելու ջուրը։
Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկական կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների, լվացող և մաքրող միջոցների, ոչ ալկոհոլային ըմպելիքների, պահածոյացված մթերքի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մակարոնեղենի և այլ մթերքների փորձնական ծրագրերը։
Ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից հսկիչ (նույնականացման) նշաններով ապարանքը չդրոշմավորելը համարվում է օրենքի խախտում և ենթակա է պատասխանատվության։ Իսկ մանրածախ վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը չսկանավորելը դիտվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ