Սեպտեմբերի 22-ին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա մոտավորապես երեք ժամ տևած հանդիպումը որակել է «շատ արդյունավետ»։
Ամերիկյան կողմը ներկայացրել են Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական կողմը՝ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Հանդիպումը, ըստ The New York Times-ի, անցկացվել է Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնության հասնելու «մեծ խթանի» մասին` հաղորդում է AFP-ն։
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանը բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին ներկայացրել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման իր պայմանները։ Ի թիվս այլ բաների, դրանք ներառում են ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակման անհապաղ դադարեցում, պատժամիջոցների պատճառով սառեցված իրանական բոլոր ակտիվների ապաշրջափակում և ռազմական գործողությունների դադարեցում։
Բանակցություններից առաջ ՄԱԿ-ում պետությունների և կառավարությունների ղեկավարներին ուղղված իր ելույթում Դոնալդ Թրամփը սպառնացել է Իսլամական Հանրապետությունը «դժոխք» ուղարկել և այն «ոչնչացնել»։ AFP-ի փոխանցմամբ` Իրանի պատվիրակությունը լքել է դահլիճը Թրամփի ելույթի ժամանակ։