ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդ ժամանակից ի վեր աշխարհն արմատապես փոխվել է, սակայն այդ փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել Անվտանգության խորհրդի աշխատանքում: Այդ մասին Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Սա նրա վերջին ելույթն էր այդ պաշտոնում:
Գուտերեշի խոսքով՝ Երբ ՄԱԿ-ը հիմնադրվեց, Աֆրիկայի մեծ մասը դեռ գտնվում էր գաղութային տիրապետության տակ, իսկ 21-րդ դարի Անվտանգության խորհուրդն առանց Աֆրիկայից մշտական ներկայացուցիչների արդարացված չէ, ուստի դա պետք է փոխել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ աշխարհում ազդեցությունն աստիճանաբար տեղափոխվում է ոչ միայն պետությունների միջև, այլև կառավարություններից դեպի խոշոր կորպորացիաներ, անհատներ և տեխնոլոգիաներ:
«Բացի դրանից՝ մարդիկ ավելի ու ավելի շատ են իշխանությունը փոխանցում մեքենաներին, արհեստական բանականության գործակալները դուրս են գալիս վերահսկողությունից, և մահացու ինքնավար զենքերը գիտական ֆանտաստիկայից վերածվում են ռազմական իրականության: Այն պահին, երբ մարդկությունը բախվում է սպառնալիքների աննախադեպ համադրության հետ, մեր հավաքական գործողությունների մեխանիզմներն ավելի մեծ ճնշում են զգում»,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշն անդրադարձել է նաև ընթացող հակամարտություններին: Խոսելով Մերձավոր Արևելքում հակամարտությունների սաստկացման մասին՝ նա նշել է, որ հրադադարները տեղային և ժամանակավոր են, իսկ հակամարտությունների գինը վճարում են խաղաղ բնակիչները: Պաշտոնյան պնդել է՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է կարգավորվի երկու պետության սկզբունքի հիման վրա:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Գուտերեշը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար:
«Քաղաքացիական անձինք շարունակում են զոհվել առաջնագծից հեռու՝ հիմնականում Ուկրաինայի տարածքում, սակայն վերջին շրջանում՝ նաև Ռուսաստանի որոշ շրջաններում: Բնակելի շենքերը, էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտները ենթարկվում են բազմաթիվ հարձակումների, ինչը վտանգում է պարենի և էներգառեսուրսների մատակարարումը, ինչպես նաև մատակարարման գլոբալ շղթաները»,- ասել Է Գուտերեշը: