Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի մարդկային կորուստների մասին

Միայն այս ամիս զոհվել է Ռուսաստանի մոտ 20,000 զինվորական՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Տարվա սկզբից Ռուսաստանը կորցրել է 112,500 զինվոր։ Անտեղի մահեր են։ Ուկրաինան նույնպես տուժել է։ 2025 թվականի հունվարի 1-ից նրանք կորցրել են մոտ 8,000 զինվոր, և այս թիվը չի ներառում անհետ կորածներին»,- մանրամասնել է Թրամփը, հույս հայտնել, որ իրեն կհաջողվի դադարեցնել պատերազմը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ շատ խիստ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հանդեպ: Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ Մոսկվան կարողանում է շրջանցել պատժամիջոցները, սակայն ինքը, միևնույն է, պատրաստ է դրանք սահմանել:

«Պուտինը հավանաբար ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան, բայց դա շատ բարդ կլինի անել»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

Մինչ այդ Կիևը և Մոսկվան հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Ուկրաինան Կիևի վրա զանգվածային հարձակմանն ի պատասխան ԱԹՍ-ներով հարվածել է Պենզային, Ռյազանին, Սամարային, Բելգորոդին և այլ շրջանների: Հայտնի է զոհերի մասին: Տուժել են արդյունաբերական ձեռնարկություններ:

Related posts

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան