ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2026 թվականի սեպտեմբերի 10-ին  Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Փաստաթղթի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս մեկ տարի առաջ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որի շրջանակում Արթուր Պողոսյանը հանդիպել էր հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի հետ:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ ունեն ընդլայնել իրավական գործակցությունը անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ապահովել փոխադարձ աջակցություն հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների ստուգման և քրեական վարույթների քննության ընթացքում, իրականացնել փորձի ու տեղեկատվության փոխանակում ահաբեկչական, տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող, անդրազգային կազմակերպված ու հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների քննության մեթոդաբանության վերաբերյալ:

Փաստաթուղթը նաև միտված է զարգացնելու աշխատակիցների մասնագիտական կարողությունները համատեղ կրթական ծրագրերի, վերապատրաստումների, փոխադարձ այցերի և միմյանց գիտահետազոտական ու ուսումնական հաստատություններում անձնակազմի փոխանակման միջոցով՝ անցկացնելով պարբերական փորձագիտական խորհրդակցություններ ու գիտագործնական միջոցառումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Պաշտոնական այցի ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը բարձր են գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունների դինամիկան և վստահություն հայտնել, որ հուշագրի դրույթների գործնական կիրառումը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների իրավապահ գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետությունը:

Related posts

Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները