Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով

Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ իբրև Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։

Չորս կուսակցությունները արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ ՍԵնատի որոշման՝ ձայների մեծամասնությամբ ընդունումը պատճառ է հանդիսանում, որ «Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգությունները էլ ավելի մեծանան»։ Հայտարարության մեջ առաջ է քաշվել 1993 թ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած  822, 853, 874 և 884 բանաձևերով Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք ճանաչելու» հանգամանքը, և ընդգծվել, թե Ֆրանսիայի Սենատի կողմից կայացված որոշումը «անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից»:

«Հիշեցնելով, որ նման կողմնակալ և սադրիչ նախաձեռնությունները հեռու են մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելուց, մենք հայտարարում ենք, որ նրանք, ովքեր նման թշնամական քայլեր են ձեռնարկում մեր երկրի և եղբայրական Ադրբեջանի դեմ, չեն վրիպում մեր ժողովի և մեր սիրելի ազգի ուշադրությունից», – եզրափակվում է հայտարարությունը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Էմմա Արդարյան

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ