Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը պետք է ավելի ու ավելի քիչ կապի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:

«Երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն 4 հանդիպում են ունեցել, առարկայական հանդիպումներ են ունեցել երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով ինքը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, օրեր առաջ տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

«Գործընթացը համարում եմ դրական: Ուղենիշը հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն է: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ: Եվ հակառակը՝ պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-ասաց Միրզոյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան