Ընդգծվել է Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը

Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանի և Վասիլ Դանիել Սուչիուի մասնակցությանբ Պատգամավորների պալատում կայացել է Ռումինիայի հայտնի գործիչ, ազգությամբ հայ գեներալ Հակոբ Զատիկին (Յակոբ Զադիկ) նվիրված ցուցահանդեսի բացումը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ընդգծվել է տարբեր ժամանակահատվածներում Ռումինիայի հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքում ռումինահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը, որի վառ օրինակներից է Ռումինիայի և այլ երկրների բարձր գնահատանքին արժանացած գեներալ Հակոբ Զատիկի գործունեությունը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ