Էրեբունու համայնքային ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու․ հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածել էին ավտոբուսի վարորդին

Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունու փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։

Հետագայում Էրեբունու փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել