Զվարթնոց օդանավակայանում «կարմիր» ուղիով կանցնեն ամենառիսկային ուղևորները. ՊԵԿ-ը նոր գործիքակազմ է մշակել

Զվարթնոց օդանավակայան ժամանող ուղևորներին «կարմիր» ուղիով անցկացնելու գործընթացի հիմքում կլինեն ռիսկի գործոնները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ ներկայում շատ դժգոհություններ կան այն մասին, որ Զվարթնոց օդանավակայան ժամանող բազմաթիվ ուղևորների մաքսային ծառայողներն անցկացնում են «կարմիր» ուղիով, ինչը զբոսաշրջության տեսանկյունից բացասական հետևանքներ է ունենում։ Այժմ ՊԵԿ-ը դիտարկում է նոր գործիքակազմի կիրառման հնարավորություն, ըստ որի, կարմիր ուղիով կանցնեն այն քաղաքացիները, որոնք նախկինում փորձել են անօրինական ճանապարհով տեխնիկա կամ այլ ապրանք անցկացնել, ու հայտնվել են մաքսային ծառայողների ուշադրության կենտրոնում։

 

«Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, որոնք չեն փորձում սահմանն անցնելիս օրենքը խախտել, սակայն հայտնվում են նման իրավիճակներում ու ստիպված են լինում անցնել «կարմիր» ուղիով։ Ուզում եմ ընդգծել, որ մենք դա ստիպված ենք անում տարբեր երկրներից, հատկապես Էմիրություններից եկող ուղևորների պարագայում։ Իմ տեսած դեպքը ներկայացնեմ, որ հասկանալի լինի։ Երբ Դուբայից գալիս էի, օդանավակայանում Երևան եկողներին տեխնիկա տեղափոխելու առաջարկներ էին անում։ Ավելին ասեմ, դրանից բացի, օդանավում Երևան եկողներին բաժանում էին հեռախոսներ։ Ես հիմա բաց խոսում եմ, որ բոլորին հասկանալի լինի։ Հիմա նման իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչ անենք, պաշտպանե՞նք օրինապահ քաղաքացիների շահերը, թե՞ ոչ ։ Միանշանակ պաշտպանել, պարզապես այլ հարց է, թե ինչպես։ Մենք հիմա ներդնում ենք նոր համակարգ, որ մեր օրինապահ քաղաքացիները հնարավորինս քիչ անհարմարություններ ունենան»,-ասաց Էդուարդ Հակոբյանը։

Խոսելով նոր գործիքակազմի մասին՝ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ գույքագրել են բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ այս կամ այն պատճառով եղել են մաքսայինի ուշադրության կենտրոնում։ Այսինքն՝ սահմանվել են մարդկանց ռիսկի պրոֆիլներ։ Այդ համակարգում ընդգրկվել են այն մարդիկ, որոնք երբևէ փորձել են անօրինական ճանապարհով տեխնիկա կամ այլ ապրանք բերել։ Այս ռիսկերի համակարգն արդեն ներդրված է։

Հաջորդ գործիքակազմը հետևյալն է։ ՊԵԿ-ը ԱԱԾ-ի հետ ներկայում աշխատում է կարևոր բարեփոխումների նախագծի վրա։ Այն հնարավորություն է տալու տարբեր օդանավակայաններից Հայաստան եկողների մասին նախնական տեղեկատվություն ունենալ։ Մինչև նրանց գալը, ՊԵԿ-ն այդ քաղաքացիների շարժի մասին տեղեկատվություն կունենա, կվերլուծի, կհասկանա, թե ինչ ռիսկեր կան ու ամենառիսկային ուղևորները կանցկացվեն «կարմիր» ուղիով։

 

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից