Երևանցու ավտոմեքենայում Իրանից ներմուծված 1 կգ հերոին է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնակվեցին մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու` 57-ամյա տղամարդու միջոցով։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:

Տեղեկությունները վերջնականապես ճշտելուց հետո որոշվեց նրանց բռնել հանցափաստով, իսկ հետագա միջոցառումներն իրականացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և մայրաքաղաքի պարեկների հետ:

Մայիսի 7-ին Երևանի Արշակունյաց պողոտայում երկուսն էլ ձերբակալվեցին և, 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կգ հերոին թմրամիջոց, որը, ըստ 67-ամյա տղամարդու, պատկանում է իրեն։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան