Հունիսի 3-ին՝ ժամը 12:33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին՝ մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը:
Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:
Նույն օրը՝ ժամը 17:10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր:
Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: