Երևանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են․ մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ Միքայելյան վիրաբուժության բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը։

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ հիշյալ քաղաքացին մարմնական վնասվածքը ստացել է Տոլբուխինի փողոցում Երևան քաղաքի 24 և 34-ամյա բնակիչների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Հիշյալ տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, և որոշում էր կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցների արդյունքում հիշյալ անձինք ձերբակալվել են։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը