Երևանի «Բան» ակումբում և այնտեղ եղած անձի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ. վերջինս կալանավորվել է. ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդների։ Ակումբի սենյակներից մեկում, որը եղել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում առկա է եղել թմրանյութի նմանվող զանգված, որը դրված է եղել էլեկտրոնային ոսկերչական կշեռքի վրա։ Սենյակում երիտասարդներից մեկի մոտ առկա է եղել ջրի մետաղյա սրվակ՝ թմրանյութի նմանվող զանգվածով:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, ակումբում գտնվող 27 անձ, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։

Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Բան» ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանուցում՝ պայուսակում, հայտնաբերվել է 14 հատ հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթներ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն գույնի փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։

2023 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալվել են ակումբից Ոստիկանություն բերված անձանցից երեքը, մյուսներն ազատ են արձակվել:

Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց։

Հունիսի 25-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձից իրացնելու նպատակով, ապօրինի առանձնապես խոշոր չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Հունիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ամբողջությամբ բավարարվել է և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։
Ձերբակալված մյուս երկու անձինք ևս ազատ են արձակվել։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել