Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Երկրի վրա ավարտվել է մագնիսական փոթորիկը, որը տևել է ավելի քան 30 ժամ, հայտնում է ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ ՌԱՀ) Արևային աստղագիտության լաբորատորիան։

«Մոսկվայի ժամանակով օգոստոսի 10-ի առավոտյան տվյալներով, երկրամագնիսական իրավիճակը լիովին կայունացել է»,-նշված է հայտարարության մեջ։

Մագնիսական փոթորիկը տևել է ավելի քան 30 ժամ և իր առավելագույն կետում հասել է G2.0 մակարդակի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է հունիսի 13-ից ի վեր։ «Մոտակա երկու-երեք օրերին նմանապես ուժեղ երևույթների կրկնություն չի սպասվում», -ընդգծել են գիտնականները։ Արևի վրա բռնկումները կարող են Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, որոնք հանգեցնում են էներգահամակարգերի աշխատանքի վատթարացման և ազդում են թռչունների ու կենդանիների միգրացիոն ուղիների վրա։ Ուժեղ փոթորիկները կարող են խաթարել կարճալիքային կապը և նավիգացիոն համակարգերի աշխատանքը, առաջացնել լարային տատանումներ արդյունաբերական ցանցերում։ Բարձր արևային ակտիվությունը նաև կարող է ընդլայնել բևեռափայլի դիտարկման աշխարհագրությունը։ Մագնիսական փոթորիկները միանշանակորեն ազդո՞ւմ են մարդկանց առողջության վրա, այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ։ Միևնույն ժամանակ երկրամագնիսական խանգարումների ռիսկը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա կեսը․ այդ ժամանակ Արևի պտույտի հետևանքով կորոնալ անցքերը կտեղափոխվեն աստղի արևմտյան եզր և կդադարեն ազդել Երկրի վրա։ Օգոստոսի 8-ին, լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչևը նախազգուշացրել էր, որ Երկիրը կկրի վերջին երկու ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը։ Պատճառը օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 դասի բռնկումից առաջացած արևային զանգվածի արտահոսքն էր։

Related posts

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում