Երկու ընկերության ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրվել

Կառավարության որոշումներով «ԷՍԿՈ-ֆարմ» և «Մեգաշին» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

«ԷՍԿՈ-ֆարմ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուքների, նրբաքսուքների, հեղուկ դեղաձևերի, փոշի դեղաձևերի արտադրության համար։ 2011 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացնում Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 561 մլն դրամի կապիտալ ներդրում և 479 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի կապիտալ ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրական տարածքների կառուցման, արտերկրում դեղերի գրանցման համար և 896 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 125 աշխատատեղ, մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 123 հազ դրամից մինչև 132 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 896 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78.5 մլն դրամ:

«Մեգաշին» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության և մատակարարման համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 130 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 20 աշխատատեղ 136 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թվականը, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14.7 մլն դրամ։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել