Դիլիջանի մանկապարտեզին նախորդ նիստերին անդրադարձել էի, և անդրադառնալիս այսպիսի մի ձևակերպում էի արել, թե նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հետ է կապված մանկապարտեզի հարցը՝ մտածելով, որ Կառավարության նիստ է, ի՞նչ կարիք կա կոնկրետ ասելու: Այդ մասին գործադիրի՝ հունիսի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ՝ դրանից ինչքան առաջ, ինչքան հետո, որ նախկին պաշտոնյան, թուր ու թվանքը առած, ինչ-որ գրառումներ է անում: Սրա հետ կապված չէ: Հո չի՞ ասելու՝ մանկապարտեզներս ձեռքիցս առան: Եվ այդ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը: Ասենք, զարմանում ես՝ Վարդան Օսկանյանը և իր կինն ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն»,- ասաց նա:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն ավելի վաղ ներկայացրել էր Դիլիջանում գույքի՝ համայնքին վերադարձնելու մասին նոր տվյալները, որոնց թվում էր նաև ՀՀ ԱԳ նախկին նախարարի կնոջ անվան հետ առնչվող գույքը, պարզաբանեց.
«Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել և պատկանել է առաջինը՝ երեխաներին, հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը, ճիշտ եք, պատկանել է նախկին ԱԳ նախարարի տիկնոջը՝ տիկին Նարինե Օսկանյանին: Քրեական վարույթի շրջանակներում է, որ համայնքի հետ հաշտության արդյունքում 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին:
Մենք նաև ճշտել ենք մեր գործընկերներից, որ այն ներառված է սուբվենցիոն ծրագրում, և առաջիկայում նույնիսկ ներկայացված է Կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի: Մեր հաշվակներով [տարեկան] մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս շենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում»,- ասաց դատախազը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս անդրադարձավ, իր ձևակերպմամբ, «սյուր» տեղեկատվությանը՝ նկատելով, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրել, և այդ կազմակերպության իրականացրած «բարեգործության» արդյունքում տարեկան 120 երեխա զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից:
«Ստացվում է՝ Վարդան Օսկանյանի և նրա տիկնոջ «բարեգործության» արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ: Սա է այս մարդկանց բարոյական նկարագիրը և իրականացրած «բարեգործությունների» շրջանակը, որից ՀՀ քաղաքացիները մինչև կոկորդը կուշտ են»,- ասաց նախարարը:
Վարչապետն արձագանքեց՝ խնդրո առարկա թեմայում կա նաև բարոյական կոմպոնենտ, այն է՝ մի՛ դատիր, որ չդատվես. «Մենք չենք կարող մանկապարտեզը վերցնել նախկին պաշտոնյայի կնոջից և տանել, տալ մեր կնոջը (լավ չի հնչում (ծիծաղում է- խմբ.)), և տանել տալ մեր երեխաներին և այդպես շարունակ, որովհետև ասում են՝ մի՛ դատիր, որ չդատվես: Ինչ դատով դատես, էդ դատով դատվելու ես»: