Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում

Հոկտեմբերի 8-ից 9-ը Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է ապահովել նիստի կազմակերպական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը։

Վարչապետը արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառման անցկացման վայրում հակահամաճարակային կանոնները և սանիտարահիգիենիկ պայմանները, բոլոր մասնակիցների ջերմաչափումը և, ըստ անհրաժեշտության, միջոցառման մասնակիցների, կազմակերպական աշխատանքների մեջ ներգրավված և սպասարկման ոլորտի աշխատակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարողին հանձնարարել է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, իսկ ոստիկանապետին՝ ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը։

Նիստը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր