Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին. Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին:

Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ երկու ամիս առաջ Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:

Ալեն Սիմոնյանը խնդրի կարգավորման հարցում շեշտել է քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եւ պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը: «Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան