Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի´բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխaնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին:

Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք, և ուզում եմ այդ փոխհարաբերությունների խաչմերուկում գերիշխի արհեստավարժությունը, անկեղծ սերը մեր ժողովրդի և երկրի հանդեպ:

Ես ուրախ եմ, որ մեր մասնագիտական հանրույթում ձևավորվել է բաց և փոխվստահության վրա հիմնված մթնոլորտ, ուր կա երկխոսություն, խնդիրները, մտահոգությունները, դիրքորոշումները արտահայտելու մշակույթ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր բուժքույրերին, բուժեղբայրներին ու բուժակներին, աջակցող անձնակազմին, ովքեր ամենամոտն են կանգնած պացիենտին, ու նրանց գթասրտությամբ բուժհաստատություններում ստեղծվում է յուրահատուկ մթնոլորտ:

Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում մի կողմից ձեր գործունեության համար պատշաճ, բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցելու և վերազինելու, մյուս կողմից` կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ:

Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է` ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի:

Նորից շնորհավորում եմ` մաղթելով ձեզ խաղաղ երկրում մասնագիտական նոր նվաճումներ, անսպառ ուժ ու եռանդ ձեր պատասխանատու գործում, շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, որ այդքան ըմբռնումով են մոտենում ձեր ծառայությանը:

Շնորհակալ եմ ձեզ, առո՛ղջ եղեք»։

Related posts

5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Նիկոլ Փաշինյան

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին