Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է նաև, որ նրան իր «Մերսեդեսով» հիվանդանոց է տեղափոխել Դիլիջանի բնակիչ 41-ամյա Արսեն Ս.-ն:

«Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մարզադպրոցի հարակից տարածքում, որտեղ տաղավարի սեղանին հայտնաբերվել են օղիով լցված բաժակներ, արնանման հետքեր, իսկ գետնին՝ դանակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.50-ին Արսեն Ս.-ն Կալինինի փողոցում հայտնաբերվել, հանցագործությունը կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Օգոստոսի 6-ին, իրացնելով ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերոհիշյալ տաղավարում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին: Արթուր Ուլիխանյանին պատճառված վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր:

Օգոստոսի 5-ին, ժամը 19.12-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դիլիջանի բնակիչ Հարություն Ղ.-ին, ով վնասվածքը ստացել էր նույն միջադեպի ընթացքում:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ի գիշերվա ժամը 1-ին Երևան քաղաքի իր բնակության վայրում հայտնաբերվել, ձերբակալվել և Դիլիջանի բաժին է տեղափոխվել Վահագ Հ.-ն: Բաժնում նա հայտնել է, որ միջադեպի ընթացքում վնասվածքներ է ստացել: Բաժին հրավիրված շտապօգնության խումբը զննությամբ նրա մարմնի տարբեր մասերում քերծված, ծակած-կտրած վերքեր է հայտնաբերել:

Կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին