Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF – HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ:

Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջոցառումներին և ցուցահանդեսներին։

ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022 թ․ նոյեմբերի 18-20-ը Սալոնիկում կայացած Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանին առաջին անգամ որպես տարվա «Պատվավոր երկիր» հրավիրելու համար։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ BEYOND նորարարական տեխնոլոգիաների, Սալոնիկի գրքի ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին։

Տասոս Ձիկասը, իր հերթին, ողջունելով հայկական կողմի հետաքրքրությունը, ներկայացրել է կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումները՝ հրավիրելով Հայաստանին մասնակցել դրանց։

Քննարկվել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև HELEXPO կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին