Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվող միջազգային հեղինակավոր հետաքննական լրագրողական կազմակերպությունը՝ OCCRP-ն (Organized Crime and Corruption Reporting Project), անդրադարձել է այս գործով Գերմանիայում կայացված դատավճռին՝ ներկայացնելով նաև գործի բացահայտման և հետագա ընթացքի հանգամանքները։

«Զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության առանցքային կազմակերպիչներից մեկը՝ Մ.Բ.-ն, Գերմանիայի դատարանի դատավճռով դատապարտվել է յոթ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նաև որոշել է առգրավել հանցավոր ճանապարհով ստացված 2.4 միլիոն եվրոն։ Դատապարտված անձը խոստովանել է իր մեղքը։

Դատական ակտի համաձայն՝ Գերմանիայում տուժողներին պատճառված վնասը կազմել է շուրջ 8 միլիոն եվրո։ Բացի այդ, խարդախությունների կատարման նպատակով այլ հանցավոր խմբերին մասնագիտացված ծրագրային ապահովում տրամադրելու հետևանքով պատճառվել է ևս շուրջ 42 միլիոն եվրոյի վնաս։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, բավարարելով Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը և կազմակերպված կիբեռհանցավորության դեմ պայքարին։

Related posts

Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով

ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք նոր կարգավորումներ