Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի հետ կապված գործարքների համակարգողի պաշտոնը և, համայնքապետարանի անունից հանդես գալու, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված լինելով, 2019 թվականի ապրիլին պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակիչ Գ.Գ.-ի հետ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեին կից հողամասում Գ.Գ.-ի մոր կողմից կառուցված ինքնակամ շինություններն ապօրինի օրինականացնելու և դրանց զբաղեցրած հողամասը հետագայում նրան օտարելու գործընթացը կազմակերպելու շուրջ։

Այդ նպատակով Գ.Գ.-ն 2019 թվականի ապրիլի 23-ին դիմել է Աբովյանի համայնքի ղեկավար Վ.Գ.-ին։ Դիմումի քննարկման ընթացքում Մ.Հ.-ն դրդել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ին կազմել իրականությանը չհամապատասխանող քաղաքաշինական եզրակացություն։ Ս.Խ.-ի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին կազմված կեղծ եզրակացությամբ նշվել է, թե Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում գտնվող 286.55 և 28.8 քմ մակերեսով շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասի վրա։ Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ նշված շինությունների զբաղեցրած՝ 1045.7 քմ մակերեսով հողամասը, համաձայն Աբովյան համայնքի գլխավոր հատակագծի, ունեցել է «զբոսայգիներ, պուրակներ» գործառնական նշանակություն և ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված կեղծ եզրակացության հիման վրա Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորությունները պետական և ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, 2019 թվականի մայիսի 16-ին N 468 որոշմամբ ապօրինի օրինականացրել է նշված ինքնակամ կառույցները։

Այնուհետև, Մ.Հ.-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի սպասարկման գրասենյակ՝ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ 2019 թվականի հունիսի 4-ին նշված շինության և հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Նույն օրը Գ.Գ.-ն Մ.Հ.-ին է տվել 200 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր օգտին ապօրինի գործողությունների կատարումն ավարտին հասցնելու և շինությունների զբաղեցրած հողամասն իր մոր անվամբ օտարելու գործընթացին նպաստելու համար։

Ս.Խ.-ի ներկայացրած զեկուցագրի և համապատասխան վարչական գործողությունների արդյունքում, 2019 թվականի հունիսի 5-ին Աբովյան համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Լ.Ն.-ն կայացրել է N 565 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1045.7 քմ մակերեսով հողամասը 8 միլիոն 485 հազար դրամով ուղղակի վաճառքով Գ.Գ.-ի մորն օտարելու վերաբերյալ։

Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողատարածք է և ունի «զբոսայգիներ» գործառնական նշանակություն, ապօրինի օտարվել է և Կադաստրի կոմիտեում գրանցվել է Գ.Գ.-ի մոր անունով։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մ.Հ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, Ս.Խ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և Լ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել