Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասի տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին:

Related posts

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ