Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացի-վարչական մարմին շփումը տեղափոխել նոր հարթակ, բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչության գործառույթները քաղաքացիների համար դարձնել առավել թափանցիկ ու հասանելի։
Որդեգրված մոտեցումների իրականացման նպատակով հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը անձնագրային և վիզաների վարչության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու ոլորտին վերաբերող տեղեկատվության ամբողջական ներկայացումն է։ Կայքը հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով, հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու համար օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի նմուշների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։
Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Իրականացվող բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն ունեն նաև անձնագրային և վիզաների վարչության ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ վերջին շրջանում կատարված փոփոխությունները, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ և կրում են շարունակական բնույթ։ Նոր կարգավորումներն անմիջականորեն արտացոլվել են և հետագայում ևս կտեղադրվեն կայքում՝ համապատասխան հղումներով, պարզաբանումներով՝ կայքի այցելուներին հնարավորություն ընձեռելով ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ պահին գործող օրենսդրության, կատարված փոփոխությունների, դրանց հիմնավորումների և այլ հարցերի վերաբերյալ։
Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Մյուս կարևոր բարեփոխումը հերթերը կանոնակարգող սարքավորումների տեղադրումն է։ Անձնագրային և վիզաների վաչությունը որդեգրել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարությանը համընթաց շարժվելու ուղղվածություն և ռազմավարություն։ Անմասն չմնալով նշված սկզբունքներին՝ տևական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել հերթերը կանոնակարգող սարքավորումներ։ Սարքավորումները տեղադրվել են Երևանի անձնագրային բոլոր ծառայություններում, մարզկենտրոններում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներում։ Տերմինալների տեղադրումը հնարավորություն է ընձեռել թեթևացնել և կանոնակարգել ԱՎ վարչության հերթերը, նպաստել քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցմանը, վարչության գործառույթների արդյունավետ կազմակերպմանը, ստորաբաժանումների գործունեության պատշաճ կառավարմանն ու վերահսկողությանը:
Կատարված զգալի աշխատանքին զուգահեռ, առաջիկայում անձնագրային և վիզաների վարչության գործունեության և սպասարկման ոլորտում նոր՝ թվային լուծումներ ներդնելու և մատուցվող ծառայություններն առավել առաջադեմ դարձնելու ուղղությամբ փոփոխությունները լինելու են շարունակական։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը