Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. Դատախազություն

 

Գլխավոր դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ. Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է՝ վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք:

Ինչպես  տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ. Հ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (3 դրվագ) և Ն.Մ.-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (4 դրվագ):

2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում