Գյումրիում օրը ցերեկով կրակել են շանը, վախեցրել քաղաքացիներին

Գյումրիում շների ստերջացմամբ զբաղվող «ԿՈւՄՆԻ» ընկերությունը հերթական խնդրահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվել: Հուլիսի 28-ին՝ «Քաղաքի օր» տոնակատարության ժամանակ, 13:50-ի սահմաններում, ընկերության աշխատակիցները շան վնասազերծման գործողություններ են կատարել:

Դեպքը տեղի է ունեցել Կումայրի պատմական միջուկում՝ Շիրազի հուշատուն-թանգարանի մոտ: Կրակել են սև շանը, վախեցրել տարածքում գտնված քաղաքացիներին, Գյումրու հյուրերին և զբոսաշրջիկներին: Ներկաներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կումայրիի բաժին:

Ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ըստ հաղորդման, քաղաքացին տեսել է, որ նշված փողոցում մեկը զենքի նմանվող ինչ-որ առարկայով կրակել է սև գույնի շանը և ավտոմեքենայով տեղափոխել անհայտ ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շանը ստերջացնելու նպատակով քնեցնող ներարկիչ կրակող պնևմատիկ սարքավորման միջոցով կրակել և քնեցրել է կենդանիների ստերջացմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Գյումրիում շների ստերջացման աշխատանքներով զբաղվում է միայն «ԿՈւՄՆԻ» ընկերությունը, որն ամիսներ առաջ հայտնվել էր սկանդալի մեջ, երբ պարզվեց, որ Գյումրու փողոցներից ստերջացման և ստերիլիզացիայի նպատակով հավաքված շներին տանում են Ջաջուռ, պահում անասնագոմերից մեկում՝ հակասանիտարական պայմաններում:

Այս խնդրին «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է դեռ մարտի 23-ին: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում մանրամասնել էր՝ ստացվել է այդ ընկերության կողմից ստանձնած գործառույթները որոշակի էական խախտումներով իրականացնելու և այլ հանգամանքների մասին հաղորդում։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

Մի կողմից «Բալասանյան դաշինք»-ի հետ փոխկապակցված ընկերությունն այս պահին քրեական վարույթով է անցնում, մյուս կողմից՝ Գյումրու համայնքապետարանը շարունակում է վերջինիս հետ համագործակցությունն այն նույն գործում, որում «ԿՈւՄՆԻ»-ն, ըստ վարույթի, իրավախախտ քայլեր է արել:

Մեր դիտարկմանը, թե նոր մեղադրանք կա ձեզ ուղղված, ընկերության պատասխանատու Հարություն Վիրաբյանն ասաց՝ սուտ է, որևէ խնդիր այդ օրը չի եղել:

«Շառով են տվել: Սպռիչ (նկատի ունի ներարկող ասեղ) կրակող սարք է եղել, կրակել են շանը, որ քնեցնեն, վերցնեն: Իրանք իրանց PR-ի համար նկարել են էդ պահը»,- ասաց Վիրաբյանը:

Ըստ ընկերության պատասխանատուի, շունը, որին քնեցրել են, ոչ մեկինը չի եղել, թափառող շուն է եղել, հարձակվել է մարդկանց վրա, իրենք էլ ուզել են բոլորի համար անվնաս ձևով այլ վայր տեղափոխել:

Տոնական օրը մարդաշատ վայրում և ցերեկային ժամի՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ շանը քնեցնելը Վիրաբյանն օրինաչափ է համարում:

«Մեր համար ոչ մի տիպի գրաֆիկ չկա, մենք ինչ էրել ենք, օրենքի սահմանում ենք էրել: Ուղղակի իրանք ( նկատի ունի ոստիկանություն հաղորդում ներկայացրած անձին, որն ի դեպ, բլոգեր է) պռասմոտր ունենալու համար ամեն ինչի կդիմեն էս թազա տիկտոկերները»,- ասաց Վիրաբյանը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք. Արայիկ Հարությունյան

Մեր շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող 8th Sharjah Masters 2025 միջազգային մրցաշարին

Որոտանի կիրճում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել