Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան

Գյումրիում ունենք անիշխանություն, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են: Արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց, բնականաբար, բացառապես օրինական եղանակով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Առաջիկայում ունենք հերթական ՏԻՄ ընտրությունները գրեթե 40-ից ավելի համայնքներում: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է ավարտ ունենա, իրավական ինչ-որ եղանակ պետք է գտնվի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ով է իշխող ուժի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ չկան հայտարարված ընտրություններ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուի մասին, բայց միանշանակ է այն հանգամանքը, որ Գյումրիում պետք է իշխանափոխություն: Ցավով եմ տեսնում, թե ինչ է կատարվում [Գյումրիում]»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներին՝ Նազելի Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին հետևել քաղաքապետարանի պաշտոնական էջին, որտեղ, ըստ պատգամավորի, տարածվում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները:

«Կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս, և այնտեղ տարածվում են անհեթեթ հայտարարություններ, որոնք բոլորի ուշադրությանն են արժանի»,- ասաց նա:

Related posts

Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ