Բողոքի ցույց Վրաստանում

Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։

Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ոստիկանների վրա հարձակումների և գույքին վնաս պատճառելու փաստերով։Հաղորդվում է, որ ցուցարարները հարձակում են կազմակերպել խորհրդարանի շենքի վրա, ինչպես նաև մոլոտովի կոկտեյլներ ու դյուրավառ նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ։

Ցուցարարները հրկիզել են օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել, կոտրել ապակիներն ու վնասել անվտանգության երկաթյա ցանկապատերը։ Արդյունքում տուժել են ինչպես ՆԳՆ աշխատակիցները, այնպես էլ քաղաքացիները։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ իրավական գնահատական կտրվի անձանց գործողություններին, ինչի արդյունքում խաղաղ բողոքը վերածվեց բռնի գործողությունների, իսկ իրավախախտումների փաստերը կներկայացվեն դատարան։

Հիշեցնենք, որ երեկ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցը ցրելու համար: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։

Related posts

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է

Օդեսայի ափերի մոտ ադրբեջանական անձնակազմով նավ է թիրախավորվել

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն