Բելգիայի թագուհին կայցելի Հայաստան

Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը: Նախատեսված է այց  «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նա կայցելի Գեղարքունի մարզ, Սևանա լճի տարածք, նաև մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։

Թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատարին

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ