Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու, այլև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է։ Միջազգային հանրությունը այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայության նկատմամբ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է։

«Հենց սա պետք է լինի բոլորիս ու միջազգային հանրության ուշադրության առարկան։ Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում՝ հետևյալն է․ որքանով է Ադրբեջանը իրեն պարտավորված զգում կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են։ Այս ամենի արձանագրումը պետք է բերի կոնկրետ եզրակացությունների»,- ասաց Փաշինյանը։

Նա ներկայացրեց հայկական կողմի պատկերացումները իրադրության կարգավորման վերաբերյալ։

«ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է իրենց վերահոսկողության տակ պահեն Լաչինի միջանցքն ու ու ապահովեն միջանցքի բնականոն գործունեությունը։ Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքի երթևեկությունը, սա այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների ու վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը ու որևէ էսկալացիա բացառելու մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Ադրբեջանի ջանքերը ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում»,- ասաց Փաշինյանը՝ անհրաժեշտ համարելով միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղումը ԼՂ ու Լաչինի միջանցք։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել