Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի դիմաց խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Միհրան Հակոբյանին և իրականացրել դիտավորությունը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։
Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել