«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:

Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:

Հետագայում, 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի` հանդես է եկել որպես արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել է «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները:

Հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք է արվել Վարչական դատարան:

Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո՝ Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան