Արցախ ՀՀ պաշտոնյաների այցերի մասին Բաքվի հայտարարությունները սին և հիմնազուրկ են. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններ, հիմնազուրկ է, Interfax-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այդ պնդումներն ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով», – նշել է նա։

Նաղդալյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով:

«Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», – հայտարարել է Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանին պատասխան կոշտ միջոցներ կսպասվեն, եթե իր պաշտոնատար անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ շարունակվեն:

«Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանում): Ի՞նչ ես անում այնտեղ: Թող Հայաստանը չմոռանա պատերազմը: Հիշեք, որ երկաթե բռունցքը տեղում է: Այս այցերին պետք է վերջ դրվի: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, ապա Հայաստանը դեռ ավելի շատ կզղջա դրա համար», – ասել է Ալիևը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ