Արցախում չորս ամսվա ընթացքում կամովին հանձնվել է ավելի քան 50 ինքնաձիգ, գնդացիրներ ու նռնականետեր

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2021թ. առաջին չորս ամսիներին 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 3 գնդացիր, 5 նռնականետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դատախազության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում կամովին հանձնվել է 9 հրացան, 8 ատրճանակ, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ:

Դատախազությունը հորդորում է քաղաքացիներին շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում դրանք հանձնել ոստիկանության մարմիններին՝ միաժամանակ հիշեցնելով, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:

«Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու` քաղաքացիների շարժառիթն ու նպատակը: Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո»,-նշել են դատախազությունից՝ հորդորելով համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել