«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և օժանդակել խարդախություն կատարելուն. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ 64 հա մակերեսով տարածքների մաքրման, ինչպես նաև «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ն, առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Արտնաուկա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ կնքել է վերոնշյալ աշխատանքներն այդ ընկերությանը պատվիրելու վերաբերյալ 41 մլն 633 հազար դրամ արժողության կեղծ պայմանագիր:

Մասնավորապես՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն Վ.Գ.-ի կողմից տրամադրված մի շարք անձանց անձնագրերի հիման վրա՝ նրանց ձևականորեն գրանցել է որպես իր ընկերության աշխատակիցներ, կազմել տրանսպորտային միջոցների վարձակալության կեղծ պայմանագրեր:

Բացի այդ, Ա.Պ.-ն, Վ.Գ.-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված որևէ աշխատանք կատարած չլինելու պայմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Մարտունի» և «Նորատուս» մասնաճյուղերի տնօրեններ Հ.Ղ.-ի և Ն.Պ.-ի հետ ստորագրել ու հաստատել է իբրև «Արտնաուկա» ՍՊԸ-ին 17 մլն 662 հազար 988 դրամի վառելիք և քսայուղեր տրամադրելու վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտեր, այնուհետև՝ պայմանագրով նախատեսված աշխատանքներն իբրև լրիվ ծավալով կատարած լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտ:

Վ.Գ.-ն կազմել և Բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Մարտունու» տեղամասում 44 հա և «Նորատուս» տեղամասում 20 հա մակերեսով տարածքներում համապատասխանաբար՝ 76 մլն 150 հազար դրամի և 7 մլն 724 հազար 910 դրամի աշխատանքներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա՝ Նախարարությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին փոխանցել է 57 մլն 112 հազար 568 դրամ, իսկ դեկտեմբերի 20-ին՝ նաև 5 մլն 793 հազար 682 դրամ:

2017 թվականի դեկտեմբերի 19-ին կատարողական ակտի և Ա.Պ.-ի կողմից կազմված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Արտնաուկա» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41 մլն 633 հազար դրամ:

Ա.Պ.-ն, վերոնշյալ գումարից 38 մլն 570 հազար դրամը, Վ.Գ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կանխիկացրել և հաջորդ օրն առձեռն փոխանցել է Վ.Գ.-ին:

Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախությանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանավորումը (հայտարարված է հետախուզում):

Վարույթով անցնող ևս 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել