«Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել․ ծնողները մեղադրում են բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով», նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասել է իրեն, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի, գլխավորությամբ։

Արդեն տեղում պարզվել է, որ Մերի Մ․-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս․-ն չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք:

Նույն օրը ոստիկաններին Սոնա Ս․-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս․-ն հայտնել է, որ իր դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Related posts

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով

ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականին. Միրզոյանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային