Արդարադատության նախարարը ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված նպատակներից 18-ը՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատական ծանրաբեռնվածության նվազեցում, դատավարությունների թվայնացում, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության ոլորտում ունեցած հաջողություններ, որոնց հետ առնչվող նոր ինստիտուտներ են ձևավորվել: Նա նշել է, որ նախարարությունը մեծ քայլեր է արել նաև քրեական արդարադատության բարեփոխման ուղղությամբ: Խոսելով հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներից՝ նա նշել է հաստատված ռազմավարական գործող փաստաթղթերի առկայությունը:
Նախարարը հիշեցրել է նաև ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից դուրս գալու փաստը: Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միության օրենսդրությանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախարարության ռազմավարության մեջ: Այս գործընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել իրավական մի շարք ակտերի համապատասխանությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագետներ: Հանդիսավոր միջոցառմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությունները, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան