Արգելել են լվացվել, զրկել ջրից. Վարդանյանին խոշտանգելու, զրպարտելու փաստերով հայցեր են ներկայացվել Ադրբեջանի դատարան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից:

Reuters-ի հաղորդմամբ, Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։ Նրանք հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։

Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։ Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։

Ըստ աղբյուրի, Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այդ դատական հայցերը։

Մայիսի 16-ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը:

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել էին, որ Բաքվում կալանավորված Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել էր 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել էր միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։

Related posts

Զարեհ Սինանյանը Մադրիդում մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ