Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:
Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական ջանքերը։

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին