Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021 թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։

Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները